Հոկտեմբերի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկին` ուղեկցությամբ Հաաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն ներկայացրել է Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադառնալով պատմական դժվարին շրջաններին:
Իր հերթին Թյիրկը ներկայացրել է այցի իր տպավորությունները, նշելով, որ Սլովենիայի ժողովուրդը տեղյակ է հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը եւ քրիստոնեական հարուստ մշակույթին: Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Սլովենիայի նախագահը նշել է. «Աշխարհագրականորեն հեռու ենք, սակայն շատ ընդհանրություններ ունենք. մեծ ապագա պիտի ունենա մեր համագործակցությունը»:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Եվրոպայում արձանագրվող քրիստոնեական արժեքների ու աշխարհայացքի նահանջի դրսեւորումներին, ընդգծվել հոգեւոր արժեքների զորացման անհրաժեշտությունը հանուն մարդկության խաղաղ ու բարօր կյանքի:





























