Կնոջ մարմինն ամբողջովին ծածկող հագուստը, որը կրում են որոշ մուսուլման կանայք, չի համապատասխանում գերմանական հասարակությանը: Այս մասին ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը, փոխանցում է BBC-ն:

«Մեր հասարակությունում ընդունված է ցույց տալ դեմքը»,- ասել է Մեզյերը:

Անգելա Մերկելի պահպանողական բլոկի քանի բարձրաստիճան գործիչներ  կոչ են արել արգելել ամբողջ մարմինը ծածկող հագուստը, քանի որ դա ցուցադրում է, որ նման զգեստ կրողը չի ինտեգրվել հասարակությանը:

Նախարարը նշել է, որ դեմքը բացելն անհրաժեշտ է երկրի սոցիալական միասնության համար, ինչպես նաեւ անվտանգության նկատառումներից ելնելով, օրինակ, մեքենա վարելիս, քանի որ նման հագուստը փակում է պերիֆերիկ տեսողությունը:

Ընդ որում, նախարարը ենթադրել է, որ նման հագուստ կրելու ամբողջական օրենսդրական արգելք չի սահմանվի, քանի որ դա հակասում է Սահմանադրությանը:

«Չի կարելի ուղղակի արգելել այն, ինչ  մեզ դուր չի գալիս»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ խոսքը նիքաբի կամ փարանջայի մասին է:

Գերմանիայի միգրանտների եւ փախստականների հարցերով դաշնային բյուրոյի հետազոտության համաձայն՝ 2009-ին Գերմանիայում մուսուլման կանանց ավելի քան 2/3-ն անգամ գլխաշոր չէր կրում: