Թալիշում հակառակորդի կողմից մայիսին ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանն արդեն սկսել է ինքնուրույն քայլել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա մայրը՝ տիկին Գայանեն:
«Քայլում է արդեն, բայց բժիշկները դեռ խորհուրդ չեն տալիս, որ թողնենք մենակ քայլի, որովհետեւ պահի տակ կարող է իրեն վատ զգալ կամ կորցնել հավասարակշռությունը: Հովիկս կամաց- կամաց խոսում էլ է արդեն»,- ասաց տիկին Գայանեն:
21-ամյա զինծառայողը Կարմիր խաչի «Քրոսս» առողջության վերականգնողական կենտրոնից դուրս է գրվել, սակայն առաջիկա օրերին բուժման երկրորդ կուրսն է սկսելու:
Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորվել է 2016 թվականի մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։
Նշենք, որ ի սկզբանե խոսակցություններ կային, որ Հովհաննեսն այն զինծառայողներից մեկն է, որին Կառավարությունն իր միջոցներով պետք է արտասահման ուղարկի՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով: Առ այսօր պաշտոնական տեղեկատվություն դրա վերաբերյալ չկա:





























