Օգոստոսի 19-ին «Հոդված 3» երեւանյան ակումբում բացվել է «Աշխարհն ավելի մարդասիրական դարձնենք» խորագրով լուսանկարների ցուցահանդես:
Ամեն տարի օգոստոսի 19-ին աշխարհը նշում է Հումանիզմի միջազգային օրը: Այս տարի այն մեկնարկել է «Միասնական մարդկություն» կարգախոսի ներքո՝ կոչ անելով միավորվել հանուն 130 մլն մարդկանց, որոնք այսօր մարդասիրական օգնության կարիք ունեն:
Հումանիզմի միջազգային օրվա նախաշեմին OXYGEN հիմնադրամը OXFAM կազմակերպության եւ ՄԱԿ զարգացման ծրագրի (UNDP) հետ համատեղ նախաձեռնել է «Աշխարհն ավելի մարդասիրական դարձնենք» լուսանկարների ցուցահանդես: Լուսանկարներում շեշտված է մարդասիրական առաքելության կարեւորությունը, որն իրականացվում է սոցիալական անհավասարության, գլոբալ աղետներին դիմակայելու պատրաստակամության պայմաններում:
Ցուցահանդեսում ներկայացված է 3 հիմնական թեմա.
- Հայաստանում ապաստան գտած սիրիահայեր. Ինտեգրացիայի եւ հումանիտար աջակցության խնդիրներ;
- սոցիալական անհավասարություն, որը աղետների ժամանակ մարդկանց ավելի խոցելի է դարձնում;
- աղետների հավանականության նվազեցում. բնական եւ տեխնածին աղետների ժամանակ համայնքների դիմադրության ամրապնդում:
OXFAM կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի խոսքով՝ հումանիտար ծրագրերի շրջանակում կազմակերպությունը սատարում է սիրիահայերին, որոնք բռնագաղթել են եւ այժմ գտնվում են Հայաստանում: «Ծրագրերի իրականացմանն օժանդակում են նաեւ The Armenian Redwood ծրագիրը, ՄԱԿ փախստականների հիմնադրամը (UNHCR), Mission East հիմնադրամը»,- հավելում է Հակոբյանը:



































