ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 25-ին, ժամը 16:10-ի սահմաններում,  Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի  Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի աջ կողնակ եւ կողաշրջվել ձորակի մեջ:

Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղեւոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն, եւ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ: