Ֆրանսիայում ռեստորանատիրոջը ռասիզմի մեջ են մեղադրել, երբ նա Փարիզի մերձակայքում գտնվող իր հաստատությունից հեռացրել մուսուլման երկու կանանց, հայտնում է Le Parisien-ը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թրամբլե-ան-Ֆրանսի Le Cenacle ռեստորանում, որը ներառված է 2016 թվականի Միշլենի տեղեկատուում:

Ռեստորանի տերը երկու մուսուլման կանաց խնդրել է հեռանալ հաստատությունից, քանի որ, ինչպես նա է հայտարարել, «բոլոր մուսուլմաններն ահաբեկիչներ են»:

Միջադեպը նկարահանվել է տեսահսկման խցիկներով, որից հետո հոլովակը տարածվել է համացանցում: Տեղի մուսուլմանական համայնքի անդամները ռեստորանի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով տեղի ունեցածի համար ներողություն խնդրել կամ հաստատությունն ընդհանրապես փակել:

Պարբերականը հայտնում է, որ ոստիկանությունը ռեստորանի տիրոջն արդեն հարցաքննել է «ազգային-կրոնական հիմքով խտրականության» կասկածանքով:

Գործարարը ներողություն է խնդրել եւ իր պահվածքը բացատրել է այն հանգամանքով, որ «հունից դուրս է եկել» եւ «իր մեջ ամեն ինչ իրար է խառնվել» այն բանից հետո, երբ ընկերը զոհվել է անցյալ տարվա նոյեմբերին Փարիզի «Բաթակլան» համերգասրահում ահաբեկչական հարձակումից հետո: