Աղավնաձորցիների մթերած խաղողի դիմաց վճարումների հարցը առաջիկա 10-15 օրում կլուծվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում այսօր գյուղացիները երեխաներին դպրոց չեն ուղարկել եւ պահանջում են նախորդ տարվա մթերած խաղողի գումարները:
«Աղավնաձորցիների բողոքը վերաբերում է խաղողի մթերման գումարները չվճարելուն: Հիմա այնտեղ են մարզպետն ու համապատասխան գործարանի ղեկավարը, որը խաղողը մթերել է: Առաջիկա 10-15 օրերի ընթացքում այդ հարցը կլուծվի: Այն խոսակցությունները, թե ես խոստացել եմ, որ կվճարեն ու ստել եմ, անհիմն են և դատարկ, որևէ առնչություն չունեն իմ խոստացածի հետ»,- նշել է վարչապետը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիներն այսօր բողոքի ակցիա են արել. փակել են դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չեն ուղարկել դպրոց:
Նշենք, որ «Վեդի Ալկո» ընկերությունը 140 միլիոն դրամի պարտք ունի գյուղացիներին:





























