Եկատերինբուրգի ցեմենտի գործարանի տարածքում «Գահերի խաղը» հայտնի սերիալից Ուինթըրֆել ամրոցը կկառուցեն: Այս մասին հաղորդում է «360» հեռուստաալիքը:
Այն կստեղծեն 3D տպիչի օգնությամբ, եւ աշխատանքներն ավարտին կհասցնեն սեպտեմբերի վերջին:
«Մենք ընտրեցինք Ուինթըրֆել ամրոցը, քանի որ այն շատ գեղեցիկ եւ ներկայացուցչական է, բայց դրանում բազմաթիվ տարրեր կան, որոնք անհնար է սովորական միջոցներով կառուցել»,- ասել է գործարանի գլխավոր տնօրեն Ռինատ Բրիլինը:
Ուինթըրֆելը կկառուցեն երեք աշխատակիցներ, որոնք կհետեւեն 3D տպիչի աշխատանքին: Այնուհետեւ ամրոցը որպես պահակակետ կօգտագործեն: Ամրոցի շինարարությունը 3 մլն ռուբլի կարժենա, սակայն, ամեն դեպքում, դա ավելի էժան է, քան սովորական շինարարությունը:
Ուինթըրֆելը Սթարքերի ամրոցն է, որը, «Գահերի խաղը» սերիալի համաձայն, կառուցվել է ութ հազարամյակ առաջ:




























