Երեւանի Արաբկիր 43-րդ փողոցն այսուհետ արդեն պաշտոնապես կկրի հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի անունը։ Այս մասին կհուշեն տեղադրված վահանակները:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ փողոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Հայրիկ Մուրադյանի որդին՝ Լեւոն Մուրադյանը` ընտանիքի անդամների հետ: Նշենք, որ փողոցն անվանակոչվել էր Երեւան քաղաքի ավագանու 2015թ. հոկտեմբերի 28-ի որոշումով:
«Հայրիկ Մուրադյանն իր կենսագրությամբ մեծ հետք է թողել մեր ժողովրդի հոգեւոր, մշակութային եւ գրական ժառանգության մեջ: Յուրաքանչյուր անգամ այստեղով անցնելիս մենք ակամայից կվերհիշենք չափազանց հայրենասեր այս գործչին: Կարեւոր է նաեւ, որ քաղաքամայր Երեւանի փողոցներն անվանակոչվում են այն մարդկանց անուններով, որոնց ավանդը սերունդների ազգային դաստիարակության գործում մեծ է եւ անգնահատելի»,-նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
Միջոցառումն ուղեկցվել է մուրադյանական կատարումներով, նրա հիմնադրած «Ակունք» ազգագրական համույթի, ինչպես նաեւ ժողովրդական երգի-պարի այլ համույթների մասնակցությամբ:





























