Ղարաբաղյան հարցով լուրջ առաջընթաց մոտ ժամանակներս չի սպասվում, քանի որ Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրությունից հետո քիչ ժամանակ է անցել: Այս մասին սեպտեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով, որոշակի ժամանակ՝ 1-2 տարի պետք է վերջնականապես գիտակցելու համար, որ ԼՂՀ ու Ադրբեջանի միջեւ համաձայնության բանալին ուժի կիրառումը բացառելու մասին պայմանավորվածությունն է: «Ադրբեջանը չի հարգում այն սկզբունքը, որի վրա պետք է հիմնվի հարցի լուծումը՝ խոսքը ուժ չկիրառելու ու կիրառման սպառնալիքից հրաժարվելու մասին է»,- շեշտել է Արտակ Դավթյանը: Ըստ պատգամավորի՝ քանի դեռ Ադրբեջանը չգիտակցի դրա անընդունելիությունը, երկրների միջեւ վստահություն չի լինի ու փոխզիջումների ու խաղաղ համաձայնագրի մասին խոսելը անտեղի կլինի: Եվ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումնեըր, հավելեց Արտակ Դավթյանը, բացառապես վերաբերում էին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանմանը:





























