Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին,  ներկա է գտնվել հիմնանորոգված Երեւանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի բացման արարողությանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ երաժշտական դպրոցի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել ուսումնառության պայմաններին, զրուցել դպրոցի ուսուցիչների ու սաների հետ, որից հետո հիմնանորոգված դահլիճում ունկնդրել է տարբեր միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր՝ դպրոցի տաղանդավոր աշակերտների կատարումները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացված լայնածավալ աշխատանքների ավարտից հետո կրթօջախի բացման կապակցությամբ ելույթներ են ունեցել դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի ատենապետ Խորեն Բանդազյանը, ովքեր գոհունակությամբ են նշել, որ հիմնանորոգման շնորհիվ նոր աստիճանի է բարձրացվել դպրոցի կարգավիճակը, եւ այժմ հնարավորություն կա կազմակերպելու նաեւ հանրապետության հեռավոր շրջաններից, Արցախից, արտերկրից շնորհալի, տաղանդավոր երեխաների ուսումը դպրոցում՝ կատարելագործելով ուսումնական գործընթացն ու հասնելով նոր նվաճումների: Հիմնանորոգված կրթօջախում այսօր սովորում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր բարձրակարգ երաժշտական կրթությանը զուգահեռ ստանում են հանրակրթական կրթություն: