Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ամենալավ տարբերակը չէ: Սեպտեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով՝ դա կնշանակեր ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոյի փոփոխություն: «Դա ոչ թե չորսօրյա պատերազմ կնշանակեր, այլ արդեն ռազմական լայնամասշտաբ գործողություններ»,- նշել է Արտակ Դավթյանը՝ շարունակելով, որ եթե Հայաստանն ի պատասխան Ադրբեջանի սադրանքների եւ նոր պատերազմ սկսելու փորձերի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա կճանաչի երկրի Սահմանադրությամբ ամրագրված տարածքներով: «Այսինքն՝ ներառյալ Շահումյանի շրջանը եւ հարակից տարածքները՝ Մարտակերտի եւ Մարտունիի շրջանների տարածքները»,- ընդգծել է Արտակ Դավթյանը: Սակայն, ըստ պատգամավորի, դա միանգամայն այլ իրողություններ կստեղծի:


























