«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի հարազատները սառնարան, օդորակիչ, հեռուստացույց եւ վարագույր են ուղարկել ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մորաքույր Անահիտ Ազատյանը: Նա նշեց, որ Սեդրակ Նազարյանի առողջական վիճակը համեմատաբար լավ է, կարողանում է քայլել եւ նորմալ սնվել:
«Ընդհանուր բողոքներ չունի, վիճակն էլ համեմատաբար կարգավորվել է: Սենյակը շոգ է, դրա համար էլ վարագույր ու օդորակիչ էր ուզել, լավ է, որ գոնե թույլ տվեցին փոխանցել ինչի կարիք որ ուներ: Մեզ համար հիմա ամենակարեւորն այն է, որ Սեդրակն իրեն լավ զգա, առողջանա»,-ասաց նա:
Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Ըստ փաստաբանների՝ Սեդրակ Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից եւ արտաքին աշխարհի հետ որեւէ կապից:





























