Նախօրեին երեկոյան խռովություն ու դանակահարություն է տեղի ունեցել թուրքական Mehmet Unlu բեռնատար նավի վրա, որը գտնվում էր Օդեսայի «Հարավային» նավահանգստում: Այս մասին հայտնել է նավահանգստի տերմինալների խմբի ղեկավար Անդրեյ Ստավնիցերը:
Նա հայտնել է, որ նավից SOS ազդանշան է ստացվել ժամը 23:25-ին՝ մարդիկ բղավում էին ու օգնության կանչում:
«Ակնհայտ է, որ խռովություն ու դանակահարություն է եղել: Անձնակազմի մի մասը (հիմնականում թուրքեր) բարիկադներ է կառուցել՝ մեկուսացնելով նավը: Նավը լողում էր «Հարավային» նավահանգստի մուտքի մոտ: Դիսպետչերները կանչել են Champion բուքսիրը, որը օգնության է հասել ու նավը հեռացրել քարերից»,- գրել է Ստավնիցերը Facebook-ի իր էջում:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն էլ իր հերթին ազատ է արձակել Ուկրաինայի տարածքային ջրերում թուրքական նավի վրա պատանդառվածներին: Ուժային կառույցների համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է ձերբակալել հանցագործներին:
«Օդեսայի շրջանում ՈւԱԾ հակաահաբեկչական շտաբի արտահերթ խորհրդակցությունից հետո, որին նաեւ մասնակցել են սահմանապահ ծառայության, ոստիկանության ու «Հարավային» նավահանգստի աշխատակազմի ներկայացուցիչները, որոշում է կայացվել անձնակազմի պատանդառված անդամներին ուժային ճանապարհով ազատելու մասին: Թուրքական նավի հաջող գրոհի արդյուքում «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցներն ազատ են արձակել պատանդներին ու ձերբակալել հանցագործներին: Թուրք նավաստիներին, որոնք դանակով վիրավորում էին ստացել, առաջին բուժօգնություն է ցուցաբերվել»,- հայտնում է 112ua–ն:






























