Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելը ակնհայտ ճնշում էր ոչ միայն այդ ՀԿ-ի, այլեւ Հայաստանի ու հայ հասարակության վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ինքը՝ Ստեփան Գրիգորյանը:
«Օգոստոսի 30-ին ինձ թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան եւ ըստ տրված տեղեկագրի՝ այդ արգելքը հիմնավորվել է դեպի ՌԴ ելքն ու մուտքը կարգավորող օրենքով»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ օրենքը հիմնականում վերաբերում է տարբեր տեսակի խախտումներ կատարելուն, սակայն ինքը վերջին տարիներին չի այցելել ՌԴ, ուստի իրեն չէին կարող դրանք վերաբերել. «Միայն մեկ կետ կա, որ հնարավոր է, որ վերաբերի ինձ՝ 9-րդ կետը: Դա նոր կետ է, մտցվել է 2015-ի մայիսի 23-ին եւ ակնհայտ քաղաքական բնույթ է կրում: Դրանով սահմանափակվում են այն օտարերկրացիների մուտքը Ռուսաստան, որոնք աշխատում կամ համագործակցում են տարբեր միջազգային կառույցների հետ, ՀԿ-ների հետ, որոնք Ռուսաստանի համար անցանկալի կազմակերպություններ են»:
Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ինչ-որ տեղ կհասկանար, եթե իր մուտքը երեք կամ հինգ տարով արգելվեր. այդ դեպքում կհամարեր, որ դա պրոֆիլակտիկ քայլ է Ռուսաստանի կողմից, որը դրանով հասկացնում է, որ ամեն ինչին հետեւում է, բայց մինչեւ 2030 թվականն արգելելը ակնհայտ ճնշում է Հայաստանի եւ իրենց ՀԿ-ի վրա եւ նշանակում է, որ դա քաղաքական նպատակ է հետապնդում։
Նա նշել է, որ օդանավի անձնակազմն իր անձնագիրը հայկական կողմին հանձնելիս ասել են, որ նա «դեպորտ» արված մարդ է, ու շատ զարմանալի է, որ ռուսական կողմը հայտարարում է, թե իր դեպորտացիայի հետ կապված ոչ մի հարցում չեն ստացել:
Քաղաքագետը նշեց, որ այս խնդրով խորհրդակցել է Հաայստանում մարդու իրավունքներով զբաղվող մարդկանց՝ Լեւոն Բարսեղյանի, Արթուր Սաքունցի հետ, նաեւ խոսել է ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ. «Ես իմ իրավունքները կպաշտպանեմ միջազգային կառույցներում: Ես հասկանում եմ, որ լինում են պատժամիջոցային «սեւ ցուցակներ», բայց չեմ հասկանում, թե այս դեպքում ինչ «սեւ ցուցակների» մասին կարող է խոսք լինել, երբ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է»:
Հարցին, թե ինչու հենց իր նկատմամբ նման քայլ տեղի ունեցավ, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ երեւի դա պայմանավորված է նրանով, որ այս պահին ինքն է փորձել մուտք գործել ՌԴ:
Իսկ երկրորդ պատճաը, ըստ նրա այն է, որ իրենց կազմակերպութան վերլուծությունները տարածում են Հայաստանից դուրս տասը հազար հասցեներով, ինչն ակնհայտորեն Ռուսաստանին դուր չի գալիս:





























