Հորդանանի մայրաքաղաք` Ամմանում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կրոնական հատուկ արարողությամբ մեկնարկել է Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի 11-րդ համաժողովը, որին մասնակցել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արամ Ա-ի բնորոշումով ներկա հավաքը պատմական կարելի է համարել հետեւեալ պատճառներով՝

ա) Միջին Արեւելքի պատմության տագնապալից այս օրերին, շրջանի բոլոր եկեղեցիների բարձրաստիճան եկեղեցական ներկայացուցիչների հանդիպումը նշանակալից երեւույթ է։

բ) Առաջին անգամ է, որ եկեղեցիների պատրիարքները, պատվիրակությունների կողքին, իրենց գործուն մասնակցությունն են ունենում հիշյալ համաժողովին։

գ) Խորհրդի պատմության մեջ առաջին անգամ է, որ մեծ թվով պատվիրակներ եւ հյուրեր են մասնակցում համաժողովին։

Արամ Ա-ն իր խոսքում համաժողովի կարեւորությունը բնորոշել է երեք բառով՝ փառաբանություն, արժեւորում եւ հանձնառություն։ Նորին Սրբությունը իր պատգամում նշել է, որ առաջին հերթին մենք Աստծուն փառք պետք է տանք, որ հակառակ մեր` Միջին Արեւելքի քրիստոնեության դիմագրաված առկա տագնապալից պայմաններին, կարողացանք միասին լինել, մեր միասնականությունն արտահայտել, ինչպես նաեւ մեր կատարած ծառայական առաքելությունը արժեւորել։

Համաժողովը նաեւ առիթ է, ընդգծել է Վեհափառ Հայրապետը, անցնող տարիներին Խորհրդին կատարած աշխատանքը լուսարձակի տակ բերելու, իրապաշտ արժեւորումը կատարելու եւ ապագայի գործնական ծրագրեր մշակելու համար։ Եվ վերջապես, Արամ Ա. Կաթողիկոսը հիշեցրել է, որ համաժողովը մարտահրավեր է ուղղված բոլոր եկեղեցիներին՝ վերանորոգելու աստվածատուր առաքելության իրենց հանձնառությունը։