Ազատամարտիկների 74/2 հասցեում տեղակայված ջրի պոմպակայանի տարածքն օգտագործվում է, սակայն դրա համար մրցույթ կամ աճուրդ չի հայտարարվել: Այս խնդրի վերաբերյալ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակներ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ստորեւ ներկայացնում ենք տիկին Բախշյանի հերթական նամակը՝ ուղղված քաղաքապետին.
«Ազատամարտիկների փողոցի 74/2 հասցեում գտնվող պոմպակայանի 5.9 քմ տարածքի սեփականաշնորհման մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան, ըստ Ձեր խորհրդական պարոն Բաղդասարյանի 02.09.2016թ. 04/5-50493հ թվակիր նամակի, պարոն Նիկոյանը հայտնել է, որ Երեւանի սեփականություն համարվող այդ տարածքը օգտագործման տրամադրելու եւ օտարելու վերաբերյալ օտարման աճուրդ եւ մրցույթ կազմակերպող հանձնաժողովի կողմից այդ հասցեում որեւէ գույք աճուրդով օտարման չի ներկայացվել: Եթե Վահան Բեգոյանը աճուրդով չի գնել այդ պոմպակայանի տարածքը, ապա ինչո՞ւ եւ ի՞նչ հիմնավորմամբ է Երեւանի քաղաքապետը 07.05.2015թ. հ.1386-Ա որոշում կայացրել այդ հասցեում գտնվող 6 շենքերին ջուր մատակարարող պոմպակայանը տեղափոխելու թույլտվություն տվել:
Ստացվում է, որ պոմպակայանի տարածքն իր սեփականությունը չէ, ուրեմն տեղափոխելու ծախսերն այդ մարդն իզո՞ւր է արել: Հիմա քաղաքապետարանը վստահեցնում է, որ պոմպակայանի տեղում եւ հարակից տարածքում ոչ մի շինթույլտվություն տրված չէ, ավելին՝ խոստանում են այդ տարածքում այգի հիմնել: Հարց է ծագում. Վահան Բեգոյանը իր կառուցած նոր պոմպակայանի 5.9 քմ տարածքը աճուրդո՞վ է գնել, գնելու հայտը ե՞րբ է ներկայացրել, ե՞րբ է կայացել աճուրդը եւ ի՞նչ գումարով է այն օտարվել: Խնդրում եմ տեղեկանք տրամադրել սույն հարցերի վերաբերյալ»:





























