Ռուսաստանը Եվրոպական եւ արեւմտյան մի շարք կազմակերպությունների գործունեությունը հռչակել է հակառուսական եւ, հավանաբար, հանձնարարություն է եղել բոլոր այդ կառույցների հետ համագործակցողներին զատելու ինչ-որ տարբերակ մշակել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը՝ անդրադառնալով գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու հարցին:

«Բացի նրանից, որ Ստեփան Գրիգորյանը քաղաքագետ է եւ փորձագետ, նա նաեւ Ռուսաստանում եղել է Հայաստանի փոխդեսպան, նրա հետ կատարվածը պետք է դիտարկենք Ռուսաստանում վհուկների որսի ֆոնին: Հավանաբար, ինչ-որ ցուցակներ են նախապատրաստվում, գիտեք, որ Ռուսաստանը Եվրոպական եւ արեւմտյան մի շարք կազմակերպությունների գործունեությունը հռչակել է հակառուսական եւ, հավանաբար, հանձնարարություն է եղել բոլոր այդ կառույցներ հետ համագործակցողներին զատելու ինչ-որ տարբերակ մշակել: Կարծում եմ՝ այս հրահանգին համապատասխան անուններ են տվել եւ դա տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այդ կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարության անելիքներին, Արզումանյանը հույս է հայտնել, որ ԱԳՆ-ն կպարզի՝ կա՞ արդյոք անցանկալի անձանց ցուցակ եւ կառաջարկի որպես ռազմավարական գործընկեր հրապարակել այդ ցուցակը:

Հարցին՝ դա որեւէ կերպ առնչություն ունի՞ Հայաստանում ԱՄՆ հարցումով ՌԴ քաղաքացու ձերբակալության հետ, պատգամավորը պատասխանել է. «Դավադրությունների տեսություններին դեմ եմ, բայց նաեւ գտնում եմ, որ պատահականությունների քանակն էլ է լինում սահմանափակ, ցանկացած բան կարելի է կապել մեկ այլ գործողության հետ: Բայց դժվարանում եմ պատասխանել»:

Դիտարկմանը՝ եթե Ռուսաստանը հիմնավորի Ստեփան Գրիգորյանի հետ տեղի ունեցածը, արդյոք Հայաստանը չպետք է նման կերպ պատասխանի Ռուսաստանին, Արզումանյանը պատասխանել է. «Հայաստանը ձգտում է լինել ժողովրդավարական պետություն եւ այդ մասին բազմիցս հայտարարվել է: Եթե մենք առաջնորդվենք այն բանով, որ ում դուր չի գալիս Հայաստանի քաղաքականությունը, արգելենք նրա մուտքը Հայաստան, մենք կնմանվենք Ալիեւին, Ռուսաստանին կամ Հյուսիսային Կորեային: Մենք նման ձգտումներ չունենք: Մարդու ազատ արտահայտվելու իրավունքը ունիվերսալ իրավունք է»:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանն ասել էր, որ օգոստոսի 30-ին իրեն թույլ չէին տվել մուտք գործել Ռուսաստան եւ ըստ տրված տեղեկագրի՝ այդ արգելքը հիմնավորվել է դեպի ՌԴ ելքն ու մուտքը կարգավորող օրենքով: