Եգիպտոսում նախադպրոցական հաստատությունների եւ տարրական դպրոցների ուսուցչուհիներին կարգելեն դասարաններում հայտնվել նիքաբով  (կանացի մահմեդական հագուստ, որն ամբողջությամբ ծածկում է դեմքը եւ կազմվածքը): Այդ մասին նոր ուսումնական տարվա նախապատրաստությանը վերաբերող համաժողովի ընթացքում հայտնել է երկրի տարրական եւ միջնակարգ կրթության նախարար Հիլալ աշ-Շարբինին, տեղեկացնում է եգիպտական «Ալ-Մասրի ալ-Յոմ» թերթը:

«Դիմում եմ նիքաբ կրող ուսուցչուհիներին. դասարանում նիքաբի կարիք չկա» — հայտնել է նախարարը:

Եգիպտոսի ազգային դպրոցներում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի   24 –ին մահմեդական «Իդ ալ-Ադհա» տոնի ավարտից հետո:

Նիքաբի դեմ եգիպտական իշխանությունների պայքարը երկար պատմություն ունի: Դեռեւս Հոսնի Մուբարաքի կառավարման ժամանակաշրջանում այդ հարցը բազմիցս բարձրացվել է: Այսպես, 2009 թվականին Եգիպտոսի կրտսեր բժշկական անձնակազմին արգելվել է այդ թիկնոցը կրել: Կանանց բացատրել են, որ հիջաբը   (մահմեդական գլխաշորը, որը ծածկում է կնոջ մազերը) լիովին բավարար հագուստ է հավատացյալների համար: Նույն` 2009 թվականին նիքաբն արգելվել է նաեւ  «Ալ-Ազհար» համալսարանում: Ուսանողուհիները չէին կարող նիքաբով հայտնվել համալսարանի տարածքում, դասասենյակներում, հանրակացարանում, քննություններին:

2016 թվականի փետրվարին Կահիրեի համալսարանի ղեկավարը համալսարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիվանդանոցների եւ բուժհաստատությունների բուժքույրերին եւ բժիշկներին արգելել է նիքաբ կրել:  Այդ արգելքը բացատրվել է  «հիվանդների իրավունքների եւ շահերի պաշտպանությամբ»: 2015 թվականի սեպտեմբերին Կահիրեի համալսարանում նաեւ դասախոսներին են արգելել նիքաբ  կրել այն բողոքների պատճառով, որ նիքաբով աշխատակցուհիները չեն կարող նորմալ շփվել ուսանողների հետ: 

Եգիպտոսի խորհրդարանը ներկայումս օրինագիծ է մշակում, որը պետական հաստատությունների եւ այլ կազմակերպությունների աշխատակիցներին լիովին կարգելի նիքաբ կրել: