ՌԴ արդարադատության նախարարությունը վարում է մի ցուցակ, որտեղ ներառված են այն կազմակերպությունները, որոնք ստանում են դրամաշնորհներ ոչ ռուսական ծագմամբ կազմակերպություններից եւ, ըստ իրենց, համարվում են արտասահմանյան գործակալներ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մուտքի արգելքին Ռուսաստան:
Նրա խոսքով, Ստեփան Գրիգորյանը դիվանագիտական աստիճան ունեցող անձնավորություն է եւ տարօրինակ է, որ Ռուսաստանի դեսպանի խորհրդականն ասել է, որ այս միջադեպը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Սրանով իրենց մեսիջն այն է, որ ռուսական քաղաքականության վերաբերյալ բոլոր քննադատություններն իրենց չեն հետաքրքրում։ Այսինքն՝ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են միայն պաշտոնական մակարդակներում, իսկ հանրային եւ փորձագիտական շրջանակներում հարաբերություն չի կարող լինել»:
Սաքունցը կարծիք է հայտնել, որ տեղի է ունեցել ըստ քաղաքական հայացքների՝ անձի նկատմամբ ազատ տեղաշարժի սահմանափակման, անձեռնմխելիության իրավունքի խախտում. «Մարդը գտնվել է փաստացի անազատության մեջ՝ առանց իրավական որեւէ հիմնավորման: Նա հնարավորություն չի ունեցել ո՛չ զանգելու, ո՛չ փաստաբանի, ո՛չ իրավական աջակցության։ Այդ ամենի հիմքում ընկած են քաղաքական հաայացքները մի անձի, որը ՌԴ քաղաքացի չէ»։
Ըստ նրա՝ սա ոտնձգություն է ոչ միայն Ստեփան Գրիգորյանի, այլ նաեւ ՀՀ հասարակական դաշտում ակտիվ այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնք ունեն այլ մոտեցումներ:
Անդրադառնալով այն փաստին, որ այդ հարցով Հայաստանի ԱԳՆ-ն նամակ է գրել Ռուսաստանի ԱԳՆ, իրավապաշտպանը նշեց. «Քաղաքական իշխանությունները պետք է հստակ հայտարարություններ անեն, ոչ թե դիմումներ գրեն»։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նշել է. «Եթե հիմա ՌԴ-ի Միգրացիոն ծառայության կայքում ստուգեք իմ տվյալները, ես իրավունք ունեմ մուտք գործել իմ անձնագրերով։ Այսինքն՝ Միգրացիոն ծառայությունը թույլ է տալիս, Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ ասում է, որ ոչ մի խոչընդոտ չկա, հետո մուտք եմ գործում՝ գրեթե ձերբակալում, մեկուսացնում են։ Այդ ի՞նչ որոշում է, որ մինչեւ 2030թ. արգելվում է իմ մուտքն այնտեղ։ Միգրացիոն ծառայությունը մինչեւ 5 տարով զրկելու իրավունք ունի։ Ես ներողություն եմ խնդրում, բայց բռնաբարություն կյանքում չեմ կատարել, կամ որեւէ այլ արարք, որի համար դատվեի, ես չունեմ չմարված դատվածություն: Միայն մի կետ է ինձ համապատասխանել իրենց տված ծանուցումից, որտեղ գրված էր, որ 26-րդ եւ 27-րդ հոդվածներով մերժում են։ 27-րդ հոդվածի բոլոր կետերն ինձ հետ կապ չունեին, միայն 26-րդ հոդվածի 9-րդ կետն էր մի փոքր համապատասխան, որ օտարերկրյա քաղաքացին, որը կամ աշխատում է, կամ համագործակցում այն կառույցների հետ, որոնք մտնում են անցանկալի կառույցների ցուցակ, համարվում է արտասահմանյան գործակալ։ Բայց այդտեղ էլ նշված չէ, թե որոնք են իրենց համար անցանկալի կառույցները, ես տարբեր կազմակերպությունների հետ եմ համագործակցում»։
Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր ունեն աշխարհում կապեր, ուզում են Հայաստանում ժողովրդավարություն հաստատել, ՌԴ-ի սեւ ցուցակում են, օրինակ՝ Արթուր Սաքունցը, Լեւոն Բարսեղյանն ու այլ անձինք։
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում օգոստոսի 30-ին թույլ չէին տվել մուտք գործել Ռուսաստան եւ ըստ տրված տեղեկագրի՝ այդ արգելքը հիմնավորվել է դեպի ՌԴ ելքն ու մուտքը կարգավորող օրենքով: Նրան ասել են, որ արգելքը ուժի մեջ է մինչեւ 2030 թվականը:




























