Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների նկատմամբ վարվող ԱՄՆ քաղաքականությունը՝ այն անվանելով կարճատես, անպատասխանատու եւ անխոհեմ:
Ելույթ ունենալով «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (In Defense of Christians — IDC) թեմայով համաժողովի մամուլի ասուլիսին՝ Համբարյանը նոր ռազմավարության կոչ է արել՝ հիմնված ամերիկյան հիմնարար արժեքների վրա: «Ցավոք, ամերիկյան իսկական մոտեցման փոխարեն, ԱՄՆ վարչակազմը վարում է արտասահմանյան շահերով պարտադրված քաղաքականություն, վետոյի իրավունք է վերապահում կոռումպացված բռնապետներին, նաեւ վարում է լռության քաղաքականություն՝ խլացնելով մեր, որպես ազգության, բարոյական ձայնը»,- հայտարարել է Համբարյանը:
Նա բերել է հայերի նկատմամբ ԱՄՆ ձախողված քաղաքականության երեք օրինակ. «մասնակցություն Թուրքիայի լռությանը Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ արդարադատության հարցում; ԱՄՆ կողմից տրված կանաչ լույս Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի հարձակումների համար; Վաշինգտոնի աջակցություն «խաղաղ պլանին», որը քրիստոնական Լեռնային Ղարաբաղին ստիպում է մնալ Ադրբեջանի բռնապետական իշխանության տակ»:





























