Ցանցահեն  Guccifer 2.0-ն անիմաստ է կոչել այն պնդումները, թե իր թրաֆիկը Ռուսաստանով է գնում: Հայտնի ցանցահենը, որին կասկածում են ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համակարգչային ցանցեր ներթափանցելու մեջ,  Wall Street Journal-ին տված հարցազրույցում Ռուսաստանի հետ իր կապերի մասին հայտարարությունները «հիմարություն» է կոչել: Միաժամանակ նա հասկացրել է, որ նոր արտահոսքեր կհայտնվեն արդեն հաջորդ շաբաթ, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»: 

«Բոլոր մանրամասները չեմ հաղորդի այժմ, երբ ամեն ինչ նախապատրաստում եմ», – հայտնել է պարբերականի զրուցակիցը, որը հանդես է գալիս  Guccifer 2.0 կեղծանվան տակ: Նրա հետ հարցազրույցն անցկացվել է սոցիալական ցանցի մեսենջերով:   Ցանցահենն իր մասին հայտնել է, որ տղամարդ է, որը միայնակ է աշխատում եւ իր նպատակն է` «ճշմարտությունն ասել, լույս բերել»: Նա հերքել է ռուսաստանյան հետախուզական ծառայությունների հետ կապերի մասին մեղադրանքները եւ նշել, որ այնպիսի տեխնոլոգիաների օգտագործումը, որոնք թրաֆիկը Ռուսաստանով են անցկացնում, ոչինչ չի նշանակում:   

Երկժամյա նամակագրության ընթացքում նա վճռական, բայց խղճահարություն առաջացնող դիրքորոշում է որդեգրել: «Ինձ վրդովեցրեց, որ նրանք իմ գործողությունները ռուսներին  վերագրեցին, բայց հետո հասկացա, որ որքան ավելի են շարժվում այդ ուղղությամբ, այնքան ինձ համար ավելի անվտանգ է,-ասել է նա:  Դա պահմտոցի խաղալու պես մի բան է, միայն թե դրանում խաղադրույքները բարձր են»: Քանի որ հարցազրույցն անցկացվել է սոցիալական ցանցով անձնական հաղորդագրությունների փոխանակման ձեւաչափում, Wall Street Journal-ը չի կարող հաստատել զրուցակցի ինքնությունը: Սակայն դա նույն հաշիվն էր, որից մի քանի շաբաթվա ընթացքում անձնական տեղեկություններ են հրապարակվել դեմոկրատների մասին, եւ այդ նույն հաշիվն է, որը ժամանակավորապես դադարեցվել էր անձնական տվյալների հրապարակման առումով Թվիթերի քաղաքականությունը խախտելու համար: