Չինական Չանչուն քաղաքի կենդանաբանական այգում մի խումբ սիբիրյան վագրեր բզկտել են երկու տարեկան էգ վագրին: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, զբոսաշրջիկների աչքի առաջ, հայտնում է The Daily Star–ը:

Էգ վագրը դուրս էր եկել իր արգելապատնեշից ու մտել այն հատվածը, որտեղ որձ վագրերն էին: Հենց այդ ժամանակ էլ նրանք հարձակվել էին էգի վրա: Կենդանաբանական այգու տնօրենի օգնական Լյո Չանը հայտնել է, որ էգ վագրի վրա հարձակված որձերից մեկը նրա ծնողն էր: Չանը նաեւ հայտնել է, որ մինչ այդ էգ վագրը երկու տարի խաղաղ ապրել է իր ցեղակիցների հետ: Փորձագետը ենթադրում է, որ խաղերի ժամանակ էգ վագրը վնասել էր իրեն ու արյան հոտն է գիշատիչների մոտ նման ագրեսիա առաջացրել: