Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը հնարավոր բոլոր միջոցներով եւ ուժերով հակազդելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, սակայն այդ հարցով վերջնական որոշումը կախված չէ Մոսկվայից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Թբիլիսիի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Վրաստանի նախկին ԱԳ նախարար Իրակլի Մենագարիշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանում սովորաբար չեն սիրում խոսել ՆԱՏՕ-ին անդամակցության ժամանակային շրջանակի մասին, քանի որ դա շատ բարդ է: «Այդ ժամկետները որոշելն ամենեւին էլ դյուրին չէ: ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության շուրջ հաստատուն պատասխան Դաշինքում տվել են դեռեւս 2008 թվականին, երբ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հայտարարեց, որ Վրաստանը կազմակերպության անդամ կլինի: Ինչ վերաբերում է Վրաստանին. մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ն կկատարի խոստումը»,- նշել Իրակլի Մենագարիշվիլին:

Անդրադառնալով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նոր անդամի ի հայտ գալուն Իրանի հնարավոր արձագանքին՝ վրացի դիվանագետը նշեց. «Չնայած Իրանում հազիվ թե ողջունեն Հարավային Կովկասում Արեւմուտքի դիրքերի ուժեղացմանը, անկեղծ ասած, ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ որեւէ հստակ հայտարարություն կամ քայլ չեմ լսել եւ տեսել չնայած այդ հարցը մենք բազմիցս ենք քննարկել մեր իրանցի գործընկերների հետ»:

Հարցին, արդյո՞ք Ռուսաստանը կարող է Հայաստանին ու Աբխազիային օգտագործել որպես դեմարշ՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման հետ կապված, Մենագարիշվիլին պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչպես կարելի է օգտագործել Հայաստանին: Չեմ կարծում, որ մեր հայ եղբայրները Վրաստանի հետ կվիճեն ՆԱՏՕ-ի պատճառով: Ինչ վերաբերում է Աբխազիային, ապա այդ գործոնն արդեն օգտագործվում է՝ Եվրոպայի եւ Եվրո-ատլանտյան դաշինքի ուղիով Վրաստանի երթը սահմանափակելու համար: Արտաքին ուժերը, որոնք շահագրգռված չեն Հարավային Կովկասում Եվրոպայի եւ Եվրո-ատլանտյան դաշինքի դիրքերի ուժեղացմամբ, ամեն ինչի ունակ են, բայց ես հույս ունեմ, որ նրանց մոտ պարզապես ոչինչ չի ստացվի»: