Առողջապահությունից եւ կրթությունից պետք է ԱԱՀ գանձվի, բայց հարկային նվազեցման համակարգի առկայությամբ: Այս մասին հայտարարեց Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի (AmCham) նախագահ Տիգրան Ջրբաշյանը՝ ներկայացնելով Պալատի մշակած Հարկային օրենսգրքի այլընտրանքային տարբերակը:
Միաժամանակ, հարկավոր է ներդնել բուհից կամ հիվանդանոցից կտրոնների ներկայացման դեպքում եկամտային հարկի նվազեցման համակարգը: Սա, մի կողմից, կբարձրացնի դրանց ֆինանսական թափանցիկությունը, մյուս կողմից՝ կխթանի օրինական զբաղվածությունը (իսկ թե աշխատողն ինչպես պետք է Հայաստանում պայմաններ առաջադրի գործատուին, Ջրբաշյանը չպարզաբանեց): Նման նախադեպ արդեն կա հիփոթեքային վարկերի պարագայում, որտեղ այն կիրառվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից:
AmChamի հաշվարկով՝ նոր համակարգը գրեթե չի բարձրացնի կրթության եւ բուժծառայությունների գները:
Նկատենք, որ այս միջոցը ներառված չէ Հարկային օրենսգրքի նախագծում, որը Հայաստանի Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է եւ նախապատրաստվում է երկրորդ ընթերցման:





























