Տրանսպորտի եւ կապի նախարարությունը խոստանում է՝ մինչեւ նոյեմբերի վերջ Հայաստանում անալոգային հեռարձակումը կանջատվի:
Հեռուստատեսային թվային հեռարձակման համակարգին ամբողջ Հանրապետությունը պետք է անցներ դեռեւս այս տարվա հունվարի 1-ից: Սակայն պատասխանատուները չհասցրին սահմանված ժամկետներում սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար թվային սարքեր բաժանել: Երբ վերջապես սարքերը բաժանվեցին, Կառավարությունում մարտին «հիշեցին»՝ Հայաստանում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված եւ նպաստ ստացող ընտանիքների թիվն իրականում կազմում է շուրջ 106 հազար 500, ոչ թե 48 հազար: Պատասխանատուներից եւս հինգ ամիս պահանջվեց այդ սարքերը գնելու եւ բնակչությանն անվճար տրամադրելու:
Օգոստոսի 16-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարեց, թե սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումն ավարտվել է: Թե հիմա ինչն է խանգարում պատասխանատուներին այժմ կյանքի կոչել օրենքը, Տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը պատասխանեց. «Արդեն հոլովակն ենք պատրաստում, որից հետո այն կցուցադրվի եթերում եւ արդեն 1- ամսյա ժամկետից հետո անալոգային հեռարձակումը կանջատվի: Ենթադրվում է, որ դա կլինի մինչեւ աշնան վերջ»:




























