ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնությունը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ եւ Հարավային Կորեայի կառավարության, Միավորված Ազգերի ակադեմիական ազդեցություն նախաձեռնության ու կորեական «Մարդը սիրո մեջ» ՀԿ-ի օժանդակությամբ, սեպտեմբերի 10-ից Հայաստանում սկսում է «Առաքելությունը հնարավոր է» ծրագիրը, որի մեկնարկային աշխատաժողովը տեղի կունենա Երեւանի պետական համալսարանում:

«Առաքելությունը հնարավոր է» կրթական ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների համար եւ անդրադառնում է համաշխարհային քաղաքացիության գաղափարին: Այն կիրառում է ՄԱԿ-ի արժեքները, սկզբունքները եւ մեթոդները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի՝ երիտասարդների հետ դասընթացների անցկացման եւ երիտասարդական զարգացման ծրագրերի շրջանակներում ձեռքբերված տարիների փորձը: Ծրագրի ընթացքում աշակերտները ձեռք են բերում գլոբալ գիտելիքներ, այդ թվում նաեւ՝  ՄԱԿ-ի եւ կայուն զարգացման նպատակների վերաբերյալ, ինչպես նաեւ ծրագրերի կառավարման համար անհրաժեշտ  հմտություններ իրենց իսկ կողմից իրականացվող ծրագրերի միջոցով՝ անդրադառնալով գլոբալ խնդիրների, որոնք արդիական են նաեւ Հայաստանի ներհամայնքային կյանքում:

Ծրագրի ավարտին մասնակիցները կներկայանան որպես փոփոխության գործակալներ՝ օժտված շրջակա աշխարհը դրականորեն փոխելու ուժով եւ հմտություններով:

«Առաքելությունը hնարավոր է» հայաստանյան ծրագրի առաջին մասնակիցները Երեւանի հինգ ավագ դպրոցների 130 աշակերտներն են եւ 14 ուսուցիչները:

Սեպտեմբերի 10-ից 11-ը ծրագիրը կմեկնարկի ինտերակտիվ դասընթացով, որի շրջանակներում Հայաստան կայցելեն ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության ներկայացուցիչները Նյու-Յորքից, Հարավային Կորեայից եւ Հնդկաստանից՝ երկօրյա դասընթացների անցկացման նպատակով:

Դասընթացների համակարգողների շարքերը կհամալրեն Հարավային Կորեայի համալսարանի տասը ուսանողներ, ովքեր ներկայումս ուսանում են «Կրթություն եւ համաշխարհային քաղաքացիություն»  ուղղվածությամբ:

Դասընթացները կանցկացվեն անգլերենով: Անգելերենի գերազանց իմացության դեպքում բոլոր աշակերտները կարող են միանալ մեկնարկող ծրագրին: Անգլերենի իմացությունը կխթանի ծրագրին մասնակցող օտարազգիների հետ շփմանը՝ ապահովելով ծրագրի կարեւորագրույն բաղադրիչը՝ միջմշակութային հաղորդակցությանը:

ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության «Առաքելությունը հնարավոր է» ծրագիրն արդեն իրականացվել է Հնդկաստանում եւ շուտով կընդլայնի մասնակից երկների ցանկը:

«Առաքելությունը հնարավոր է» ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության պաշտոնական կայքը՝ http://www.wfuna.org/mission-possible: