ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն իր աջակցությունն է հայտնել ազատ, ժողովրդավարական ու ինքնիշխան Վրաստանին՝ խոստանալով «չճանաչել տարածքային այն փոփոխությունները, որոնք նրան ուժով են պարտադրել», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ներկայացուցիչների պալատը 410 «կողմ» 6 «դեմ» ձայներով ընդունել է այն բանաձեւը, որը դատապարտում է «ռուսական ռազմական ինտերվենցիան ու Վրաստանի օկուպացումը», նաեւ «շարունակվող ապօրինի գործունեությունը» Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի օկուպացիայի գծի երկայնքով:
Փաստաթղթի հեղինակները Ռուսաստանին կոչ են անում հրաժարվել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից, նաեւ չկատարել գործողություններ, որոնք վտանգում են Վրաստանի ինքնիշխանությունը ու տարածքային ամբողջականությունը:
Ըստ բանաձեւի տեքստի՝ Միացյալ Նահանգները պետք է հայտնեն,որ «չեն ճանաչում Ռուսաստանի ոչ իրավաբանական, ոչ փաստացի ինքնիշխանությունը Վրաստանի որեւէ տարածքի նկատմամբ» ու կօգնեն Վրաստանին ամրապնդել անվտանգությունը համատեղ զորավարժությունների անցկացման ու «ինքնապաշտպանության միջոցների ապահովման» հաշվին:



























