Գերմանական երկու Eurofighter կործանիչները սեպտեմբերի 1-ին Էստոնիայի Էմարի ռազմաբազայից օդ են բարձրացել տագնապի ազդանշանից հետո: Bild-ը հայտնում է, որ արտակարգ թռիչքի պատճառը ավելի ուշ նույնականացված ռուսական ռազմական Տու-134 տրանսպորտային օդանավն էր, որը թռչել է առանց տրանսպոնդերի ազդանշանը միացնելու:
Կարինա Մյոսբաուերի մեկնաբանությամբ՝ ռուսական ռազմական օդանավերը միջազգային օդային տարածքում գտնվելիս սովորաբար նույնականացման ազդանշաններ չեն հաղորդում՝ դրանով իսկ վտանգ ներկայացնելով տվյալ շրջանի երկնքում գտնվող բոլոր օդանավերի համար: Նա նշել է, որ երբ գերմանական կործանիչները ուղեկցել են Տու-134-ը, նրանց ընդառաջ են թռչել եւս երկու չնույնականացված ռազմական օդանավեր: Գերմանիայի ՌՕՈւ-ն արագ նույնականացրել է եւ պարզել, որ դրանք ռուսական Սու-27 կործանչներ են, որոնք Կալինինգրադից թռչում էին տրանսպորտային օդանավին ընդառաջ:
2014 թվականից հետո հաճախակիացած այսպիսի միջադեպեր տեղի են ունենում պարբերաբար: Սակայն, ինչպես ասել է միջազգային հարաբերությունների հարցերով Եվրոպական խորհրդի պաշտպանության եւ անվտանգության փորձագետ Գրեգորի Գրեսելը, վերջին տարիներին դրանց «որակը» նկատելիորն փոխվել է:
«Նախկինում գործ ունեինք նույնականացման ազդանշաններ չհաղորդող միայնակ օդանավերի հետ, որոնք հավանաբար ՆԱՏՕ-ի ուժերի արձագանքն էին ստուգում: Մինչդեռ այժմ խոսքը ռմբակոծիչների, կործանիչների խմբերի մասին է: Եվ այդ ամենը նման է իրական մարտական գործողությունների սցենարների»,- նշել է փորձագետը, իսկ Bild-ը հավելել է, որ այդ սադրանքների նպատակն է ուժի ցուցադրումը եւ հակառակորդին ահաբեկելը:
Գրեսելը նշել է, որ նման սադրանքները հատուկ էին Սառը պատերազմի ժամանակների առճակատմանը, բայց այդ ժամանակ «չգրված կանոններ էին գործում», որոնց հետեւում էին բոլորը, եւ թռիչքներն իրականացվում էին միացված նույնականացման ազդանշաններով: Այսօր ամեն ինչ փոխվել է:
Ռուսների կողմից իրականացվող եւս մեկ ժամանակակից սադրանք է այլ երկրների, առաջին հերթին ԱՄՆ ռազմական օդանավերին վտանգավոր մոտ տարածությամբ թռչելը: «Շատ մեծ է օդանավերի բախման հավանականությունը»,- ասել է Գրեսելը:




























