Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին եւ դրանով ճանապարհ բացեց համաձայնության կառավարության ձեւավորման համար. սա երկար տարիների ընթացքում Հայաստանի խոշորագույն քաղաքական ճգնաժամն էր, գրում է Die Zeit գերմանական պարբերականը՝ հավելելով, որ այս որոշումը սպասելի էր հուլիսին Ոստիկանության գնդի գրավման դեպքերից հետո։
«Երկրի նախագահն իր հերթին օգոստոսին խոստացել էր, որ ձեւավորելու է «ազգային միասնության» կառավարություն։ Թեպետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում ոչ մի կերպ չհիշատակեց իրեն փոխարինողի մասին, սակայն արդեն հայտարարվել է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Երեւանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմի» թոփմենեջեր Կարեն Կարապետյանը»,– շարունակում է թերթը։
Spiegel–ն իր հերթին տեղի ունեցածը կապում է հուլիսյան դեպքերի հետ՝ նշելով, որ շաբաթներ շարունակված լարված վիճակից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ ասելով, որ ինքն ի վիճակի չէ երկրի առաջ ծառացած խնդիրների համար լուծում գտնել։





























