Հայաստանում անհրաժեշտ է շահութահարկի այնպիսի համակարգ ներդնել, որը կխթաներ փողի վերաներդրումը բիզնեսի մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Արմենբրոք» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Արամ Կայֆաջյանը՝ մեկնաբանելով Հարկային օրենսգրքի այլընտրանքային նախագիծը, որը ներկայացվել է Հայ-ամերիկան առեւտրի պալատի (AmCham) կողմից:

Պալատի առաջարկներից մեկի համաձայն՝ շահութահարկը ներկայիս 20 տոկոսից պետք է նվազեցնել մինչեւ 10 տոկոս, բայց միայն այն միջոցների համար, որոնք վերաներդրվում են բիզնեսի մեջ: Իսկ բիզնեսից ստացվող շահույթի համար կներմուծվի լրացուցիչ հարկ շահաբաժինների 11 տոկոսի չափով:

«Սա լավ տարբերակ է, որը կօգնի փողը տնտեսության մեջ պահել: Իսկ շահաբաժինները, քանի որ ստացվում են շրջանառությունից, պետք է հարկման ենթարկվեն: Այս սխեման շատ ավելի լավն է, քան այժմ խորհրդարանին ներկայացված Հարկային օրենսգրքում ամրագրվածը: Այնտեղ շահաբաժինների հարկը, անկախ ամեն ինչից,  հավելվում է շահութահարկին: Դա հարկային բեռի մեծացում է նշանակում, որը կվախեցնի ներդրողներին, այդ թվում՝ նաեւ արտասահմանյան: Իսկ AmCham-ի տարբերակում այն կիրառվում է միայն այն դեպքում, երբ փողը դուրս է բերվում գործից»,- նշեց Կայֆաջյանը: