Բրազիլիայի իշխանությունները որոնում են Կամպու-Գրանդի քաղաքի բնակիչ ադրբեջանուհի Թամիլա Աբդուլովային եւ նրա 5-ամյա դստերը, իսկ Բրիազիլիայում Ադրբեջանի դեսպանատանը մեղադրում են իրավապահ մարմիններից թաքնվող կնոջ հետ համաձայնության գալու մեջ:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Աբդուլովան 62-ամյա բրազիլացի Մարիո Սերժիո Վիեյրայի կինն է, որը Ադրբեջանում 14 տարի ինժեներ է աշխատել: Այս տարվա մայիսին Մարիոյի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, եւ նա որոշել է Բրազիլիայում բուժվել: Կինը եւ դուստրը՝ Ալեքսիան, նրա հետ մեկնել են Հարավային Ամերիկա:
Սակայն Բրազիլիա ժամանելուն պես պարզվել է, որ Վիեյրան այնտեղ երկրորդ ընտանիք ունի: Բնականաբար, դա ընտանեկան սկանդալի պատճառ է դարձել, սակայն կողակիցներն, այնուամենայնիվ, պայմանավորվել են, որ միասին կապրեն մինչեւ տղամարդու առողջանալը, որից հետո Թամիլան հայրենիք կվերադառնա: Սակայն 42-ամյա ադրբեջանուհին չի կարողացել հեռավոր երկրին հարմարվել, եւ զույգն Ադրբեջան է վերադարձել նախատեսածից ավելի վաղ:
Ադրբեջանում 40 օր ապրելուց հետո ընտանիքը, չգիտես ինչու, կրկին Բրազիլիա է ուղեւորվել: Շուտով Թամիլան դիմել է Բրազիլիայում Ադրբեջանի դեսպանատուն՝ ամուսնու դեմ բողոքելով: Նա իբր իրեն տանն արգելափակված է պահել: Դեսպանատունն այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը, եւ Մարիոյի տուն են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպության ներկայացուցիչների հետ զրույցում Աբդուլովան ամուսնուն մեղադրել է բռնություն կիրառելու մեջ: Նրա խոքով՝ Մարիոն իրեն անգամ դանակով է սպառնացել:
Բրազիլացին հերքում է այդ մեղադրանքները: Նա հայտարարել է, որ բուժման հետեւանքով այնքան թույլ է, որ չէր կարող իր կնոջը ֆիզիկական հաշվեհարդարով սպառնալ: Ինժեները հակընդդեմ մեղադրանք է ներկայացրել: Նրա ցուցմունքների համաձայն՝ Թամիլան ցանկանում է հեռանալ Բրազիլիայից, որպեսզի յուրացնի Բաքվում գտնվող առանձնատունն ու երկու բնակարանները, որոնք Մարիոյի սեփականությունն են:
Փախուստից հետո կապի մեջ մտնելով՝ Թամիլան հայտարարել է, որ ետ կվերցնի իր հայտարարությունը, եթե ամուսինն իրեն թույլ տա դստեր հետ լքել Բրազիլիան:
Ոստիկանությունը կնոջ եւ դստեր նկատմամբ Մարիոյի գործողություններում հանցակազմ չի գտել: Ավելին՝ փախուստի դիմած ադրբեջանուհուն արգելված է լքել երկրի սահմանները: Ալեքսիայի խնամակալության հարցով դատաքննությունը նշանակված է սեպտեմբերի 15-ին:
Վիեյրայի փաստաբանների կարծիքով՝ Ադրբեջանի դեսպանատունը տեղյակ է, թե որտեղ են գտնվում Թամիլան եւ աղջիկը: Նրանք դիմել են ԱԳ նախարարություն՝ պահանջելով, որ դիվանագիտական առաքելությունը փոխանցի իր ունեցած տեղեկությունները: Վիեյրայի ներկայացուցիչները նաեւ ցանկանում են, որպեսզի դեսպանատունը պարզաբանի, թե ինչու է իրենց վստահորդի դեմ բողոք ներկայացվել: Դեսպանատունը մեկնաբանություններից հրաժարվում է:



























