Հանքանում 3 անձի սպանության գործն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015 թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:46-ի սահմանում, Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ Հայրապետ Սեփոյանն իր հորեղբորորդի Լեռնիկ Սեփոյանից հեռախոսով տեղեկանալով, որ իր հայր Գագիկ Սեփոյանը Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վերջնամասում գտնվող, չգործող նախկին «Արարատ» ճամբարի տարածքում վիճաբանության եւ կռվի մեջ է մտել Հրազդան քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Վարդան եւ Վահե Գալստյանների հետ, ովքեր ծեծի են ենթարկել հորը եւ պատճառել մարմնական վնասվածքներ: Վրեժխնդրության շարժառիթով իր ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով գնացել է այդ տարածք եւ ժամը 19:05 սահմանում հասնելով ճամբար տանող արգելափակոցի մոտ՝ իր մոտ եղած գործարանային արտադրության «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով դիտավորությամբ կրակոցներ Է արձակել նշված վայրում գտնվող Վարդան Գալստյանի, Վահե Գալստյանի եւ Արմեն Հովհաննիսյանի ուղղությամբ: Վարդան Գալստյանին պատճառել է մահվան անմիջական պատճառ հանդիսացող տրավմատիկ-հեմոռագիկ շոկի հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող որովայնի առաջային պատի թվով մեկ միջանցիկ հրազենային վնասվածք, Արմեն Հովհաննհսյանին պատճառել է մահվան անմիջական պատճառ հանդիսացող գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարման հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող գլխի աջ ճակատկողմնային շրջանի թվով մեկ շոշափող հրազենային վնասվածք, իսկ Վահե Գալստյանին՝ մահվան անմիջական պատճառ հանդիսացող տրավմատիկ-հեմոռագիկ շոկի հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող ձախ նախաբազկի, աջ հետույքի շրջանի, ձախ ծնկահոդի շրջանի թափանցող երեք միջանցիկ հրազենային վնասվածքներ: Երեքն էլ մահացել են:
Հիշեցնենք, որ դեպքից հետո շրջանառվում էր վարկածը, որ սպանությունը կատարվել է Գալստյաններին պատկանող անտառային տարածքում ծառերի հատման շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով։ Սպանության մեջ մեղադրվողի հայրը` Գագիկ Սեփոյանը, որն այդ տարածքի անտառապահն է, ըստ Գալստյանների, պարբերաբար ապօրինի ծառահատումներ է կատարել այդ տարածքից։ Ենթադրվում է, որ դեպքի օրը Գալստյան եղբայրները Սեփոյանին բռնեցրել են ծառ հատելիս, ինչիս սկսվել է վեճը։ Սեփոյանների հարազատները պնդում են, որ որդին տեղեկացել է, որ հորը ծեծի են ենթարկել ու գնացել է հորը պաշտպանելու, ինչի ժամանակ էլ կրակելով սպանել է եղբայրներին եւ նրանց ընկերոջը։ Գալստյանները վստահեցնում են, որ ծեծ չի եղել։ Վիճաբանությունից հետո Գագիկ Սեփոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից օրեր անց դուրս էր գրվել:
Հայրապետ Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել):


























