Հայաստանին նոր փորձ եւ տեխնոլոգիաներ են հարկավոր՝ հանքերի պոչամբարներից մետաղներ դուրս բերելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆիննական Amcom Europe ընկերության (ամերիկյան Amcom LLC ընկերության դուստր ձեռնարկություն) գլխավոր տնօրեն Թոմմի Լայտինենը: Ընկերությունը մասնագիտանում է արդյունաբերական թափոններից մետաղներ ստանալու ոլորտում:

«Մեր պորտելում նման տեխնոլոգիաներ կան նաեւ գունավոր մետաղների համար, որոնք կարեւոր են Հայաստանի համար: Մեզ համար այդ տեխնոլոգիաներն առաջնահերթություն չեն եղել, բայց մենք բավականաչափ տիրապետում ենք դրանց եւ պատրաստ ենք նոր նախագծեր սկսել, այդ թվում՝ տեղական գործընկերների հետ»,- ասաց Լայտինենը:

Նշենք, որ Հայաստանի պոչամբարները երբեք երկրորդական մշակում չեն անցել, այդ պատճառով դրանցում համեմատաբար մեծ քանակությամբ մետաղներ կան:

Օրինակ՝ Քաջարանի պղնձա-մոլիբդենային հանքավայրի պոչամբարների պարունակությունը շուրջ 300 մլն տոննա է կազմում եւ տարեկան աճում է եւս 18-20 մլն-ով: Դրանցում ոչ միայն պղինձ եւ մոլիբդեն, այլեւ արժեքավոր այլ մետաղներ կան:

«Մենք տեխնոլոգիաներ ենք առաջարկում ոչ միայն հանքերի, այլեւ մետալուրգիայի մյուս օղակների համար: Այդ ոլորտում մաքուր տեխնոլոգիաներն անհրաժեշտ են զարգացած արդյունահանվող արդյունաբերությամբ երկրի՝ Հայաստանի համար»,- հայտարարել է Լայտինենը: