Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հյուրասիրել է լրագրողներին, որոնք Ժնեւում ավելի քան 14 ժամ սպասել են իր եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունների ավարտին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սկզբում Լավրովը բերել է 6 պիցցա՝ պանրով՝ նշելով, որ դա ամերիկյան պատվիրակության նվերն է: 10 րոպե անց «ով է օղի ուզում» խոսքերով նա լրագրողներին է փոխանցել երկու շիշ օղի, ասելով, որ սա «ռուսական պատվիրակության կողմից է»:

Ժնեւում Լավրովի եւ Քերրիի բանակցությունները տեւել են ավելի քան 14 ժամ՝ երկարատեւության ռեկորդ սահմանելով:

Հանդիպման արդյունքներով հայտնի է դարձել, որ Մոսկվան եւ Վաշինգթոնը համաձայնեցրել են ՍԻրայի հակամարտության կարգավորման խաղաղ պլանը: Խոսքը 7 օրվա ընթացքում կրակի դադարեցման, ընդդիմության եւ ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման տարանջատման, ինչպես նաեւ Հալեպի շուրջը ապառազմականացված գոտու ստեղծման մասին է: Բացի այդ, Քերրին հայտարարել է, որ կողմերը համաձայնեցրել են ՍԻրիայի բանակի կողմից ընդդիմության դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը: