ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկրի գործող իշխանությունները միտումնավոր են քողարկում իր մրցակից Հիլարի Քլինթոնի իրավախախտումները: Այս հայտարարությունը հանրապետականն արել է Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ ՀԴԲ-ն ավելի վաղ հրաժարվել էր Արդարադատության նախարարությանը խորհուրդ տալ Քլինթոնի դեմ քրեական մեղադրանք առաջադրել՝ պետքարտուղարի պաշտոնում ծառայողական նամակագրություն վարելիս անձնական սերվերը գործածելու համար: «Նա այնքան լավ է պաշտպանված»,- վստահեցնում է Թրամփը, խոսելով Քլինթոնի մասին: «Նա կարող էր հենց հիմա այս բեմ դուրս գալ ու որեւէ մեկին կրակել ու սպանել 20 հազար մարդու աչքի առաջ ու նրան պատասխանատվության չէին ենթարկի»,- ասել է Թրամփը: «Ես ցնցված եմ, որ նման բան է կատարվում մեր երկրում»- հավելել է նա:
CNN հեռուստաալիքը նշում է, որ Քլինթոնի մասին Թրամփի խոսքը հիշեցնում է նրա սեփական հայտարարությունն այս տարվա հունվարին՝ Այովա նահանգում նախընտրական միջոցառման ժամանակ: Այն ժամանակ միլիարդատերը վստահեցնում էր, որ ԱՄՆ նախագահի մյուս թեկնածուների շրջանում իր լիդերությունը անբեկանելի է: «Ես կարող եմ կանգնել Հինգերորդ ավենյուի մեջտեղում (Նյու Յորքում), սպանել որեւէ մեկին ու չկորցել ընտրողներիս»,- ասել էր այն ժամանակ Թրամփը, ինչի համար կոշտ քննադատության էր արժանացել հասարակայնության կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը:



























