Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ Խանդո գյուղում օգոստոսի 28-ին սպանված 79-ամյա Սեդա Սպերցյանի սպանության գործով կա մի քանի կասկածյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ գյուղացիներից մեկից։
Նա նշեց, որ 79-ամյա հայ կնոջ սպանության գործով հարցաքննվել են գյուղի շատ բնակիչներ, որոնցից մի քանիսն առանց ապացույցների ձերբակալվել են Ախալքալաքի ոստիկանության կողմից։ Խանդոյի բնակիչներից շատերն էլ հարցաքննության ընթացքում ենթարկվել են բռնության, որոնցից ոստիկանությունը պահանջել է իրենց վրա վերցնել տարեց կնոջ սպանությունը։
Խանդոյի բնակչի խոսքով՝ գյուղացիներն արդեն Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին եւ ՆԳ նախարարությանը տեղեկացրել են ոստիկանության կատարած ապօրինությունների մասին։ Ախալքալաքի ոստիկանության կատարած գործողություններն հետաքննվում են։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Խանդո գյուղում օգոստոսի 28-ին սեփական տանը տարեց կին է մահացել, նախնական տվյալներով` նրան սպանել են: Կինն ապրում էր մենակ, նրա որդին բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:





























