Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ Խանդո գյուղում օգոստոսի 28-ին սպանված 79-ամյա Սեդա Սպերցյանի սպանության գործով հարցաքննված խանդոցիների ներկայացրած բողոքներից հետո ազգությամբ վրացի Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեն ազատվել է աշխատանքից: Նշենք, որ խանդոցիները պնդում են, որ հարցաքննվելիս բազմաթիվ բռնությունների եւ սպառնալիքների են ենթարկվել: NEWS.am-ի տեղեկություններով աշխատանքից ազատվել են նաեւ ոստիկանապետի տեղակալն ու քրեական գործով քննիչը, նաեւ ոստիկանության մի քանի աշխատակիցներ:

Խանդոցիների խոսքով` Շալվա Լոմսաձեի` աշխատանքից ազատվելը կապված է ոչ միայն Խանդոցիների բողոքների, այլեւ պաշտոնավարության ընթացքում թույլ տված այլ ապօրինությունների հետ:

Ավելի վաղ Խանդոյի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշել էր, որ ր 79-ամյա հայ կնոջ սպանության գործով հարցաքննվել են գյուղի շատ բնակիչներ, որոնցից մի քանիսն առանց ապացույցների ձերբակալվել են Ախալքալաքի ոստիկանության կողմից։ Գյուղացիների պնդմամբ` Խանդոյի բնակիչներից շատերն էլ հարցաքննության ընթացքում ենթարկվել են բռնության, որոնցից ոստիկանությունը պահանջել է իրենց վրա վերցնել տարեց կնոջ սպանությունը։

Գյուղացիները Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին եւ ՆԳ նախարարությանը տեղեկացրել էին ոստիկանության կատարած ապօրինությունների մասին։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Խանդո գյուղում օգոստոսի 28-ին սեփական տանը տարեց կին է մահացել, նախնական տվյալներով` նրան սպանել են: Կինն ապրում էր մենակ, նրա որդին բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Նշենք,որ Շալվա Լոմսաձեն Ախալքալաքի ոստիկանապետի պաշտոնում էր 2012 թվականից: