Ոստիկանության ՊՊԾ գնդում մի քանի օր պահված՝ «Շտապօգնության» բժիշկ Սալվադոր Խեչոյանից եւ բուժքույր Մալինա Մարգարյանից բացի սեպտեմբերի 10-ին պարգեւատրվել է նաեւ բժիշկ Նորայր Թեւանյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու 4 բուժաշխատողներից միայն երկուսն են պարգեւատրվել:
«Անկախ Հայաստանի առողջապահության 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում շատ բուժաշխատողներ են պարգեւատրվել, այդ թվում նաեւ ես: Մեզ պարգեւատրել են մեր կատարած աշխատանքի համար»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Ըստ «Շտապօգնության» տնօրենի՝ յուրաքանչյուր պարգեւատրում ոգեւորում է բուժաշխատողի, միեւնույն ժամանակ պարտավորեցնում ավելի լավ աշխատել:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին «Սասնա Ծռեր» խմբի անդամները մի քանի օրվա ընթացքում ոստիկանության գրավված ՊՊԾ-ում են պահել շտապօգնության աշխատակիցներ Սալվադոր Խեչոյանին, Նորայր Թեւանյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին եւ բուժակ Դավիթ Տոնոյանին: Վերջինս ընդամենը մի քանի ժամ է մնացել գնդի տարածքում:




























