Այսօր ոլորտում ձեւավորված խիստ հավասարակշռված քաղաքականութան շնորհիվ ՀԷՑ-ը գերշահույթներ չի կարող ունենալ: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է «Հայաստանի էկետրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը:

Վերջերս մի շարք հրապարակումներում խոսվում է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. առաջին կիսամյակի արդյունքների մասին, որտեղ նշվում է ընկերության՝ 15 մլրդ դրամը գերազանցող շահույթի մասին: Ստացվում է, որ «ՀԷՑ»-ն այսօր գերշահույթո՞վ է աշխատում:

Նախ, ընկերության՝ առաջին կիսամյակում ձեւավորված շահույթը մոտ է պլանայինին:

Այն պայմանավորված է մի քանի գործոններով.

2015-2016թթ. սակագնային տարվա մարժայում ներառվել է նախորդ ժամանակահատվածներում էլեկտրաէներգիայի արտադրության պլանային եւ փաստացի ցուցանիշների շեղմամբ պայմանավորված ընկերության 23,4 մլրդ դրամի վնասների փոխհատուցումը:

Տարվա առաջին կիսամյակի գործոնով, որպես կանոն,առաջին կիսամյակն առավել դրական արդյունք է գրանցում, քան երկրորդը՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմներով (ատոմակայանի պլանավորված կանգառ, արտադրության մեջ ջրային ռեսուրսների պակաս օգտագործում եւ այլն):

Պլանավորվածից ավելի բարենպաստ արտադրության կառուցվածքի հետեւանքով ՀԷՑ-ի՝ լրացուցիչ, չնախատեսված եկամուտներով, ծախսերի օպտիմալացման ու կորուստներին վազեցման գործոնով.

ծախսերի նվազեցման եւ կառավարման օպտիմալացման նպատակով կատարված են էական կառուցվածքային եւ այլ բարեփոխումներ, այդ թվում՝ խոշորացված են սպասարկման միջին օղակները:

Վերջին ժամանակաշրջանում բաշխիչ ցանցի վատագույն հատվածներում կատարված թիրախային ներդրումների եւ կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ մեզ հաջողվել է կրճատել կորուստները՝ հասցնելով դրանք գրեթե ՀԾԿՀ կողմից սահմանված մակարդակի (նույնիսկ մի փոքր ավելի պակաս):

Հարկ եմ համարում նշել, որ շահույթն ամբողջությամբ ուղղվել է   նախկինում կրած վնասների արդյունքում կուտակված վարկային եւ այլ պարտավորությունների մարմանը: Մինչեւ հիմա էլ շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել նշված պարտավորությունների մարման եւ ընկերության վերջնական ֆինանսական առողջացմանը հասնելու ուղղությամբ:

Չնայած սոցիալական բողոքին՝ 2015թ.-ին սակագինն այնուամենայնիվ բարձրացավ 6,6 դրամով: Հիմա արդեն շահույթով եք աշխատում, ինչպե՞ս է սպառողն զգալու այդ փոփոխությունը:

2015-2016թթ. սակագնային տարվա մարժայում ներառված էին նախորդ ժամանակահատվածում <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ընկերության վնասները՝ 23, 4 մլրդ դրամի չափով: Հիշեցնեմ, որ վնասներն առաջացել էին էլեկտրաէներգիայի արտադրության պլանային եւ փաստացի ցուցանիշների շեղման պատճառով։ Այդ ժամանակահատվածում ատոմային էլեկտրակայանը նախատեսվածից երկար էր կանգ առել, գրանցվել էր աննախադեպ սակավաջրություն)։ Հիմնականում այդ պատճառով, ինչպես դուք նշեցիք, սակագները բարձրացան 6.6 դր/կՎտ.ժ-ով: Այս 6,6-ի մեջ ՀԷՑ-ի մասնաբաժինը 4.09 էր, մնացած՝ 2.51- ը վերաբերում էր էլեկտրաէներգետիկ շուկայի այլ, մասնակիցներին:

Ներկայիս սակագնում ՀԷՑ-ի ծախսերը (1 կՎտ.ժհաշվարկով) նվազեցվել են 5,6 դրամով, քանի որ նշված 23,4 մլրդ֊ը հանվել է: Իսկ ներկայիս սակագների նվազեցումը միայն 2.58 դրամով նորից պայմանավորված է համակարգի մնացած օղակների ծախսերով։

Ասեմ նաեւ, որ ընկերության 2016-2017թթ. սակագնային մարժայից բացի նշված 23,4 մլրդ դրամից հանվել է նաեւ 2,8 մլրդ դրամ` հաշվի առնելով, որ պլանավորվածից ավելի բարենպաստ արտադրության կառուցվածքի հետեւանքով ՀԷՑ-ը ստացել է լրացուցիչ չնախատեսված եկամուտներ:

Եթե այս տարին ամփոփվի նույնքան շահույթով, հնարավո՞ր է արդյոք սակագնի նվազեցման գնաք:

Այսօր մեր ոլորտում ձեւավորված խիստ հավասարակշռված քաղաքականութան շնորհիվ ՀԷՑ-ը գերշահույթներ չի կարող ունենալ: Եթե ընկերությունը գերշահույթ է ստանում, հաջորդ տարվա մարժայից այդ գումարը հանվում է, իսկ գերշահույթն ուղղվում է համակարգ:

Ուրախ կլինենք, եթե ընկերության շահույթը, ցանկացած հանգամանքով պայմանավորված, ավելանա, քանի որ այն կուղղվի ընդհանուր էլեկտրաէներգետիկ համակարգին եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել սակագների վերանայման մասին: Այսինքն՝ մեր ընկերության լավ աշխատանքը եւ այն «գերշահույթը», որի մասին խոսում եք, ընկերությունում չի մնա եւ միայն կնպաստի ամբողջ համակարգի բարելավմանը: