Ես ոչ մի դեպքում չէի ասի, որ մեզ համար Ադրբեջանն ավելի կարեւոր է, քան Հայաստանը։ Այս մասին սեպտեմբերի 12-ին՝ Երեւանում բացված «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով կոնֆերանսի մեկնարկից առաջ, ասել է Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։
Անդրադառնալով հայ–վրացական հարաբերություններին՝ Վրաստանի նախկին արտգործնախարարը նշեց. «Ադրբեջանն ու Հայաստանը մեր հարեւաններն են։ Մենք միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ։ Եվ քաղաքական պլանում մենք ոչ մի խնդիր չունենք։ Սակայն, ցավոք, Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները այդքան զարգացած չեն, որքան քաղաքականը։ Այնպես որ ես շատ մեծ պոտենցիալ եմ տեսնում հայ–վրացական տնտեսական հարաբերությունների զարգացման համար»։
Փանջիկիձեն կարծում է, որ Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը կնպաստի նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։





























