Եվրոպայում մեծանում է միայնակ հանցագործների իրականացրած ահաբեկչությունների վտանգը, որոնք համացանցում հրահանգներ են ստանում «Իսլամական պետությունից»։ Այս մասին նախազգուշացնում է Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել գերատեսչության ղեկավար Հանս–Գեորգ Մասենը, փոխանցում է DW–ն։
Նրա խոսքով՝ մտահոգիչ է ահաբեկիչների նոր տեսակը, որոնք միայն արտաքինից են միայնակ թվում։ «Այդ ահաբեկիչներին վիրտուալ կառավարում են արտասահմանից կարճ հաղորդագրությունների փոխանակման ծրագրերի օգնությամբ»,– ասել է նա։
Գերատեսչության տեղեկություններով՝ իսլամիստներն օգտագործում են համացանցը՝ որպես կենտրոնական հարթակ արմատականացման, գրոհայինների հավաքագրման, ջիհադականների ղեկավարության հետ շփվելու եւ ահաբեկչություններ պլանավորելու եւ իրականացնելու համար։
Գերմանիայում իսլամիստներն առավել հաճախ օգտագործում են Facebook սոցիալական ցանը, WhatsApp եւ Telegram հաղորդագրությունների ծառայությունները։ «Ջիհադականները ուշադրությունը կենտրոնացնում են համացանցի եւ սոցիալական ցանցի վրա՝ որպես հիբրիդային պատերազմի զենք»,– ասել է Մասենը։





























