«Նաիրիտ» գործարանի պոտենցիալ ներդրողները պետք է իմանան, թե ինչ են ուզում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հարցին։
«Պետք է հրաժարվել պատրանքներից եւ խոսել թուղթ ու գրիչ վերցրած։ Գործարանը վերակենդանացնելու ներկայիս փորձն արդեն 3-րդն է կամ 4-րդը։ Դրանցից յուրաքանչյուրը շատ թանկ է նստում երկրի եւ բյուջեի վրա»,– ասել է Կարեն Կարապետյանը։
«Դա չի նշանակում, որ պետությունը լվանում է ձեռքերը. ցանկացած հիմնավորված բիզնես առաջարկ հանգամանորեն կուսումնասիրվի։ Բայց ինձ մտահոգում է, երբ գալիս են պոտենցիալ ներդրողներ եւ խոսում են ծրագրերի մասին՝ չունենալով էներգառեսուրսների հարցով կանխատեսումներ։ Ես չեմ հիշում «Նաիրիտի» որեւէ ներդրողի, որը ՀՀ իշխանություններից կանխատեսումներ կպահանջեր այն մասին, թե ինչպիսին է լինելու ապագայում գազի գինը։ Դա արդեն մտածելու տեղիք է տալիս։ Դուք համաձայն չե՞ք»,– ասել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը պետությունը 40 մլն դոլարով վաճառեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ Այդ ժամանակից ի վեր ընկերությունը գործնականում ոչ մի անգամ հանդես չի եկել հանրության կամ մամուլի առաջ։ 2006 թվականին ԱՊՀ պետական միջազգային բանկը Rhinoville–ին 70 մլն դոլարի վարկ տրամադրեց, որն ընկերությունը չի փակել։ 2014–ի հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարեց պարտքի դիմաց բաժնետոմսերի 90 տոկոսը բռնագանձելու բանկի հայցը։ Բաժնետոմսերի 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն էր պատկանում։ Բանկի հետ բանակցությունների արդյունքում 2015–ի դեկտեմբերին կառավարությունը մնացած 90 տոկոսն էլ ստացավ։ Համաշխարհային պահանջարկ ունեցող քլորոպրենային կաուչուկ արտադրող ձեռնարկությունը չի գործում 2010–ի ապրիլից։ Կառավարությունը ներդրողների է փնտրում, իսկ մինչեւ հունիսի 15–ը պատրաստվում է գործարանի վերագործարկման հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնել ռուսական «ՌԿ–Քիմկոմպոզիտ» ընկերության հետ։



























