Սիրիայում գրոհայինների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների թիվը 60-ի է հասել, սիրիական կառավարական զորքը պատասխան գործողություններ չի ձեռնարկում: Այդ մասին հայտնել է  ՌԴ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալ Վիկտոր Պոզնիհիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Այսօր ժամը 19-ին ռուս-ամերիկյան պայմանավորվածության համաձայն, սպառվում է հրադադարի ռեժիմի գործունեության առաջին  48-ժամյա ժամանակահատվածը:  Նշենք, այս ժամանակահատվածում հրադադարն ամբողջությամբ չի պահպանվել: Այսօր առավոտվա դրությամբ գրոհայինների կողմից խախտումների ընդհանուր թիվն աճել է մինչեւ 60», — ասել է Պոզնիհիրը ՌԴ Պաշտպանական վարչությա ազգային կենտրոնում ճեպազրույցի ընթացքում: 

Նրա խոսքով, սիրիական կառավարական ուժերը պատասխան գործողություններ չեն ձեռնարկել: 

«Նշենք նաեւ, որ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող որոշ զինված ջոկատներ, ինչպիսին է   «Ահրար աշ-Շամը», ուղղակիորեն հայտնել են կրակը չդադարեցնելու մտադրության մասին: Խախտումների առավել մեծ քանակությունը կապված է հենց այդ ջոկատների հետ», — ընդգծել է գեներալը:

Միաժամանակ նա հայտնել է, որ ռուսաստանյան կողմը գիտակցում է ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ իրականացման կարեւորությունը   եւ  «հանդես է գալիս Սիրիայի ամբողջ տարածքում հրադադարը եւս  48 ժամով երկարաձգելու օգտին»:

Երկուշաբթի` սեպտեմբերի 12-ին ուժի մեջ է մտել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը, որոնց շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել մի  շարք խորհրդակցությունների ընթացքում: Հրադադարը պետք է  48 ժամ տեւի, դրանից հետո` եւս 5 օր: Այնուհետեւ գործի կանցնի Համատեղ գործադիր կենտրոնը, որի շրջանակում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականները «Ջեբհաթ ան-Նուսրա», «Իսլամական պետություն» խմբավորումների եւ այլ ահաբեկիչների ուղղությամբ հարվածների համակարգում կիրականացնեն համաձայնեցված շրջաններում, որտեղ սիրիական ավիացիայի գործողությունները կդադարեցվեն: