Խոսքի բազմազանությունն ու անաչառությունը չի կարող ապահովել մի լրատվամիջոց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի ընտրության քննարկման ժամանակ հայտարարել է թեկնածու Տիգրան Հակոբյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ուշադրություն դարձնելո՞ւ է գործող հեռուստաալիքների եթերի անաչառության, օբյեկտիվության, հավասար տղեկատվության տրամադրմանը, Հակոբյանը պատասխանեց.

«Այո, հասարակությունն իրավունք ունի անաչառ ու բազմակողմանի տեղեկատվություն  ստանալու, որքանով է դա կատարվում, դժվարանում եմ պատասխանել, բայց մի կարեւոր ուղղում եմ ուզում անել. Ընդհանրապես, կարծում եմ՝ տեղեկատվության բազմազանությունն ու անաչառությունը չի կարող ապահովել մի լրատվամիջոց, դա ապահովում է ամբողջ համակարգը, որովհետեւ մի քանի գաղափար ունենալը շիզոֆրենիայի պես բան է»:

Նրա խոսքով, մի հեռուստաընկերություն կարող է դավանել սոցիալիստական գաղափարներ, մյուսը՝ ազատական, երրորդը՝ ազգայնական. «Պետք է հնարավորություն տալ հասարակությանն այդ բազմազանությունից ստանալ տեղեկատվություն, ինչը մեզ մոտ ինչ-որ առումով ապահովված է: բայց քանի որ շատ մշուշոտ են դրա չափորոշիչները, հանձնաժողովը շատ հաճախ դրա հնարավորությունները չունի, բացի նախընտրական շրջանից»: