ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի սեւամորթ անդամների կազմակերպության հավաքի ժամանակ կատակով մեկնաբանել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ խոստովանել է, որ Սպիտակ տան գործող ղեկավարն ԱՄՆ-ի տարածքում է ծնվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես այնպիսի թեթեւություն եմ զգում, որ իմ ծննդավայրի հետ կապված հարցը վերջապես լուծվեց: Նկատի ունեմ՝ ԻԼԻՊ, Հյուսիսային Կորեա, աղքատություն, կլիմային փոփոխություն... ոչինչ ինձ այդքան չէր հուզում, որքան իմ ծննդյան վկայականի իսկության հարցը»,- ասել է Օբաման եւ ժպտալով հավելել. «Եվս մեկ շտապ լուր. աշխարհը կլոր չէ, այլ տափակ»:
Ավելի վաղ Թրամփն առաջին անգամ հրապարակային ընդունել էր, որ Օբաման ԱՄՆ-ում է ծնվել: Մի քանի տարի առաջ հանրապետական գործիչը մի ամբողջ արշավ էր սկսել՝ Օբամայից պահանջելով ծննդյան վկայական ներկայացնել, որը կհաստատի նրա ամերիկյան քաղաքացիությունն ու ԱՄՆ նախագայի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը: Սպիտակ տունը դա արեց 2011 թվականի ապրիլին:
Փաստաթուղթը փաստում է, որ Օբաման ծնվել է ամերիկյան Հավայի նահանգում, 1961 թվականի օգոստոսի 4-ին: Կասկածի տեղիք էր տվել այն, որ Օբամայի հայրը Քենիայից է, իսկ գործող նախագահը մանկության տարիներին ԱՄՆ-ում չի ապրել:





























