Նյու Յորքի Չելսի շրջանում սեպտեմբերի 17-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 29 մարդ է տուժել, մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է գնահատվում: Այս մասին գրում է Մեդուզան՝ վկայակոչելով NBC News-ը:

Պայթյունի աղբյուրի մասին հստակ տեղեկություն չկա: Իրավապահ մարմինների աղբյուրն Associated Press-ին հայտնել է, որ շինարարական գործիքներով լի արկղ է պայթել: Կենցաղային գազի պայթյունի վարկածը չի քննարկվում:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն տեղի ունեցածը «կանխամտածված ակտ» է կոչել՝ հավելելով, որ հետաքննությունն առայժմ ահաբեկչության հետ կապի մասին վկայություններ չունի:

Ոստիկանները հաղորդել են դեպքի վայրից ոչ հեռու երկրորդ պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին:

Ավելի վաղ էլ Նյու Ջերսի նահանգում բարեգործական վազքի անցկացման վայրում ինքնաշեն ռումբ էր պայթել: Այստեղ տուժածներ չկան: