2012թվականին Բարակ Օբաման հաղթեց նախագահական ընտրություններում՝ հիմնվելով ընտրողների տվյալների հավաքագրման եւ մշակման տեխնոլոգիայի վրա: Այսօր այդ մարտավարությունը լայնորեն կիրառվում է տարբեր երկրներում: Այս մասին Ամերիկյան համալսարանում կազմակերպված ARMSec կոնֆերանսի ժամանակ ասաց CYBER GATES-ի հիմնադիր Սամվել Գեւորգյանը։

2012-ի նախագահական ընտրություններում Օբամայի ընտրվելու փաստը հարցականի տակ էր. շատ ամերիկացիներ դժգոհ էին նրա քաղաքականությունից եւ տնտեսական ճգնաժամից հետո երկրի վերականգնման տեմպերից, որը ամենածանրն էր 1930 -ականների Մեծ դեպրեսիայից հետո:

Բայց այնուամենայնիվ, 4 տարի անց Օբաման երկրորդ անգամ զբաղեցրեց նախագահի աթոռը: Շատ վերլուծաբաններ Վաշինգթոնում եւ, ինչու չէ, նաեւ ողջ աշխարհում համոզված են, որ իր հաղթանակով Օբաման պարտական է Ջիմ Մեսսինային, որն այն ժամանակ Օբամայի նախընտրական շտաբի ղեկավարն էր եւ մեծ կարեւորություն էր տալիս ընտրողների տվյալների հավաքագրման  գործընթացին: Իր ղեկավարին  հանրապետական Ռոմնիի հանդեպ հաղթանակի բերելու համար նա յուրօրինակ ինֆորմացիոն հրեշ ստեղծեց:

Մեսսինայի նպատակն էր Օբամայի պոտենցիալ կողմնակիցների տվյալների որոնումը, կարգավորումը՝ արդյունքում ընտրություններին նրանց ձայնը ձեռք բերելու համար: Ջիմ Մեսսինան միկրոթիրախավորման ոլորտում մեծ բարձունքների է հասել:

Այսպիսով՝ Օբամայի պոտենցիալ ընտրողի կյանքի եւ ոչ մի դրվագ չէր կարող վրիպել վերլուծաբանի աչքից. ինչպիսի ամսագրեր էր նա կարդում, ինչ սմարթֆոն էր օգտագործում, ինչ եկեղեցի էր հաճախում եւ ինչ մեքենա վարում: Այս բոլոր տվյալների հավաքագրման գործում վերջին տեղը չեն զբաղեցնում սոցցանցերը: Քաղաքական հայացքները պարզելու համար լայնորեն կիրառվում են Facebook-ի եւ Twitter-ի հրապարակումների վերլուծությունը:

«Հավաքելով մեծ քանակության ինֆորմացիա տվյալ մարդու մասին, հանգիստ կարելի է կազմել տվյալ մարդու նկարագիրը եւ հիմնվելով դրա վրա՝ անել կանխատեսումներ կամ ազդել նրա հետագա քայլերի վրա»,- պատմեց Սամվել Գեւորգյանը:

Բարդ ալգորիթմերի միջոցով ամերիկյան նախընարական շտաբերի աշխատակիցները, վերցնելով մեծ ծավալով ինֆորմացիա, կամ ինչպես ասում են big data, օգտագործում են սոց. ցանցերը եւ լոկալիզացված հեռուստատեսային գովազդը արդեն կոնկրետ ընտրողի վրա աշխատելու համար: Այս տեխնոլոգիաներն արդեն օգտագործվել են Մեծ Բրիտանիայում 2015-ի ընտրություններին Դեվիդ Քեմերոնի օգտին: Իսկ թե ում օգտին է աշխատում Ջիմ Մեսսինան առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին, գաղտնիք է:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում OWASP նախաձեռնության հայաստանյան մասնաճյուղի կողմից անցկացվեց Հայաստանում վեբ-անվտանգության ոլորտի՝ թվով արդեն երրորդ ARMSec կոնֆերանսը:

Միջոցառմանը մասնակցում  էին ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից հրավիրված տեղեկատվական անվտանգության փորձագետներ: