Թաիլանդում գետի վրա նավաբեկության հետեւանքով զոհվածների թիվը 15-ի է հասել, 10 մարդ կորած է համարվում, հայտնում է Bangkok Post թերթի ինտերնետային տարբերակը՝ վկայակոչելով Այութթհայայի նահանգապետին:
Նահանգի մուսուլմանական համայնքներից մեկին պատկանող նավում ավելի քան 150 մարդ էր գտնվում, նավը վերադառնում էր մզկիթից կրոնական տոնից հետո, իսկ կիրակի ժամը 16:00-ին այն բախվել է Չաոփրայա գետով անցնող կամուրջի հենասյանը ու մասամբ խորտակվել:
Կամուրջի հենասյանը բախվելու պահին շատ ուղեւորներ ջուրն են ընկել: Որոնողական փրկարարական գործողության ընթացքում փրկվել է ուղեւորների մեծ մասը, այդ թվում 46 մարդ, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Կիրակի հայտնաբերվել են նաեւ 10 զոհվածների մարմինները: Կիրակի երեկոյան գործողությունը դադարեցվել է ու վերսկսվել սեպտեմբերի19-ի առավոտյան:
Փրկարարներին հաջողվել է եւս 5 զոհվածների մարմիններ գտնել, իսկ 10 ուղեւոր էլ դեռ կորած է համարվում:
Նահանգի հիվանդանոցներում գտնվող 46 վիրավորներից տասի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնել է նահանգապետը:



























