Դանիայի ՌՕՈւ F-16 տեսակի երկու կործանիչ մասնակցել են Դեր Զոր քաղաքում Սիրիայի բանակի դիրքերին հարվածներ հասցնելու գործողություններին, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 60 զինծառայող։ Այս մասին հայտնել է թագավորության ԶՈւ մամուլի ծառայությունը, փոխանցում է Lenta–ն։

«Դանիական F-16 երկու կործանիչ այլ երկրների օդանավերի հետ մասնակցել է գործողություններին։ Հարվածներն անմիջապես դադարել էին այն բանից հետո, երբ ռուսները հայտնել էին սիրիացի զինվորականների դիրքերի խոցման մասին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Դանիայի ԶՈւ մամուլի ծառայությունից հայտնել են, որ եթե սխալ հարված հասցնելու հանգամանքը հաստատվի, դա մեծ ափսոսանք առաջ կբերի։ Դանիացի զինվորականները մտադիր են լիակատար աջակցություն ցուցաբերել հետաքննությանը, որը նախաձեռնել է միջազգային կոալիցիան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի օդանավերը հարվածներ էին հասցրել Սիրիայի բանակի դիրքերին, որի հետեւանքով զոհվել էր 62 զինծառայող, վիրավորվել՝ մոտավորապես 100-ը։

Դամասկոսը Վաշինգթոնին մեղադրել է ԻՊ գրոհայիններին աջակցելու մեջ, իսկ Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ գործողությունները չեն եղել կանխամտածված. իրենք կարծել են, որ հարվածում են ԻՊ դիրքերին։